ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Հայաստանը հո ՍՊԸ չէ՞»

«Հայաստանը հո ՍՊԸ չէ՞»
23.11.2012 | 16:02

Հայաստանի կուսակցական դաշտը համալրվում է ևս մեկով: «Նոր Հայաստան» կուսակցությունը քաղաքական հայտ է ներկայացրել: «Կուսակցությունների մեծամասնությունը գործում է զուտ թղթի վրա, այսինքն բաղկացած է կուսակցապետից և կուսակցության վկայականից: Մյուսներն էլ, որ որոշակի ակտիվություն են ցուցաբերում, կա՛մ որևէ օլիգարխի, կա՛մ իշխանական ռեսուրսների վրա հիմնված կուսակցություններ են: Հաճախ կուսակցությունները, մոռանալով իրենց սկզբունքները, գաղափարները, տրամագծորեն հակառակ բևեռների հետ են համագործակցում: Սա մեզ համար անընդունելի է»,- այսօր «Իրատես de facto» ակումբում նշեց նախաձեռնության համակարգող ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ հընթացս շեշտելով, որ իրենց կուսակցությունը գործելու է միմիայն ընդդիմադիր դաշտում: Ավելին, նրա դիտարկմամբ, այսօր քաղաքական դաշտը աղճատված է, և ոչ մի կուսակցության գործունեություն իրենց չի գոհացնում: Երիտասարդ քաղաքական գործչին դուր չի գալիս նաև մեր քաղաքական դաշտի «բազարային» գործելաոճը: «Հայաստանը հո ՍՊԸ չէ՞, որ բաժանեք իրար մեջ, քվոտավորեք»,-նշեց նա:

Ներկայացնելով այսօրվա ութ տասնյակ կուսակցությունների տխուր վիճակը, բանախոսն ընդգծեց, որ իրենք ազգային-ազատական գաղափարախոսության կրող են, իսկ կուսակցության կորիզը հիմնականում երիտասարդներն են, ու այն ստեղծվում է բացառապես «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ի հենքի վրա: Կուսակցության ստեղծումը, ըստ ակումբի հյուրի, ամենևին պայմանավորված չէ նախագահական ընտրություններով և «պատվերի» մասին էլ խոսք լինել չի կարող: Թե առաջիկա ընտրություններում որ թեկնածուին կսատարեն, դեռ որոշված չէ, քանի որ իրենց առաջնահերթ խնդիրն այսօր կուսակցության կայացումն է: «Մենք չենք հավակնում լինելու լայն զանգվածների ու կուսակցապետի կուսակցություն: Դա ճիշտ չէ: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես Հայաստանի պայմաններում կուսակցությունները կարող են ունենալ մի քանի հարյուր հազար անդամներ: Ի՞նչ է, այդքան ակտիվիստներ կան, որ հե՞րթ են կանգնել այդ կուսակցություններին անդամակցելու համար: Այսօր մեծ կուսակցություններին անդամագրվում են նրանք, ովքեր պաշտոնի կամ բարեգործության ակնկալիք ունեն»,-վստահեցրեց Բաբկեն Հարությունյանը՝ փաստելով, որ իրենց կուսակցության գումարները գոյանալու են ակտիվի նվիրյալների շնորհիվ:
Հաջորդ շաբաթ կուսակցությունը նախատեսում է համագումար անցկացնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ